Հելսինկյան քաղաքացիական ասամբլեիայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք:

Այս առնչությամբ, ՀՔԱՎ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեիայի Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել:

Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով եւս: Դրա արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2016 թ.-ի ընթացքում եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:

Տեղեկանքում ներկայացված են մահացած զինծառայողների անունները եւ մահվան հանգամանքները:

Բացի թվական տվյալներից՝ անհամապատասխանություն կա նաեւ մահացած զինծառայողների անուն-ազգանունների մեջ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներով ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ որոշ զինծառայողների անուններ չեն համապատասխանում պաշտոնական աղբյուրներում ավելի վաղ հրապարակված անուններին, եւ ենթադրաբար դրանք նույն անձինք են, պարզապես նրանց անուն-ազգանուններում վրիպակ է տեղի ունեցել:

2016 թ.-ի մահացության դեպքերի ամբողջական պատկերը՝ հանգամանքների նկարագրությամբ, եւ այլ մանրամասներ ներկայացված է տեղեկանքում: