Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ-ից հինգ անգամ ավելի արագ է աճում։ Այս մասին Ազգային ժողովում հուլիսի 6-ին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում։

2009 թվականին Հայաստանի պետական պարտքը 3.1 մլրդ դոլար է կազմել, իսկ այժմ՝ շուրջ 6 մլրդ, այսինքն՝ կրկնակի աճել է։ Այդ ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 20 տոկոսով, նկատեց Էնֆիաջյանը։

«Եվ խոսքը ՀՆԱ-ի աճի մասին է հայկական դրամով, իսկ դոլարով այն նույնիսկ կրճատվել է։ 2013-2014 թվականներին այն կազմել է 11.2 մլրդ դոլար, 2015 թվականին՝ 10.5, 2016 թվականին՝ 10.3 մլրդ»,- եզրափակեց Էնֆիաջյանը։