Ռուսաստանը Չինաստանին դիտարկում է որպես Արեւմուտքի դեմ պայքարի մասնակից, սակայն դրանք սխալ հույսեր են: Այս մասին հուլիսի 6-ին` լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց Միջազգային հարցերի եւ անվտանգության խնդիրների հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Փորձագետի կարծիքով` Չինաստանը Ռուսաստանին թույլ չի տա իրեն ներքաշել արեւմտյան տերությունների հետ հակամարտության մեջ, քանի որ սեփական շահեր ունի, որոնք այս պահին ռուսական շահերին չեն համընկնում: «ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո աշխարհում իրավիճակն ինչպիսին էլ լինի, միեւնույն է`ո´չ Ռուսաստանը, ո´չ Չինաստանը չեն կարող դերակատարում ստանձնել: Այնպես որ, չեմ կարծում, թե ինչ-որ լուրջ փոփոխություններ կլինեն»,- նշեց Սաֆարյանը:
Փորձագետը կարծում է, որ չնայած հովանավորչական քաղաքականությանը, որն անցկացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ հաշվի չառնելով դրա անկանխատեսելիությունը` ո´չ Ռուսաստանը, ո´չ Չինաստանը լուրջ հիմնավորում չունեն կարծելու, որ համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ արմատական փոփոխությունները հնարավոր են:





























