Մանիլայի կենդանաբանական այգում մահացել է աշխարհի ամենատարեց գետաձին։ Բերթա անունով գետաձին մահացել է 65 տարեկանում։ Կենդանաբանական այգու ղեկավարության կարծիքով՝ նա ամենածեր գետաձին էր աշխարհում, որն անազատության մեջ այդքան երկար է ապրել, փոխանցում է AFP-ն։
2.5 տոննա կշռող Բերթային ազատավանդակում մահացած են գտել ուրբաթ։ Պարզվել է, որ մահվան պատճառը մի քանի ներքին օրգանների ախտահարումն է։ Կենդանաբանական այգու աշխատակիցները նշել են, որ Բերթան այնտեղ բնակվել է բացվելուց ի վեր։ Նրան Ֆիլիպիններ են բերել 1959 թվականին։





























