Այսօր` հուլիսի 11-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այն 1995 թվականին հիմնել են ֆրանսիացիները:
Կարծիք կա, որ առաջինն ացտեկներն են սովորել շոկոլադ պատրաստել: Նրանք դա կոչում էին «աստվածների սնունդ»: Իսպանացիները, որոնք այն առաջին անգամ Եվրոպա են հասցրել, այդ քաղցրավենիքը կոչում էին «սեւ ոսկի» եւ օգտագործում ֆիզիկական ուժն ու դիմացկունությունն ամրապնդելու համար: Եվրոպայում շոկոլադի օգտագործումը սահմանափակվում էր արիստոկրատների շրջանակով:
Ըստ Calend-ի՝ միայն 20-րդ դարասկզբին արդյունաբերական արտադրության առաջացման շնորհիվ շոկոլադ կարողացան վայելել նաեւ արիստոկրատների թվին չդասվող մարդիկ:
Ժամանակակից գիտության համաձայն՝ շոկոլադում տարրեր կան, որոնք նպաստում են հանգստին եւ հոգեբանական վերականգնմանը: Շոկոլադի մուգ տեսակները խթանում են էնդորֆինի` երջանկության հորմոնի արտազատումը: Տեսություն կա, որ շոկոլադը «հակաքաղցկեղային» ազդեցություն ունի եւ կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացները: Բայց մի բանում գիտնականները միակարծիք են. շոկոլադը չի նպաստում մարմնի զանգվածի նվազմանը: Չէ՞ որ շոկոլադը հարուստ է սննդանյութերով, այդ թվում` ճարպերով, նշանակում է` կալորիաներով:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանում Գինեսի ռեկորդ է գրանցվել. «Գրանդ Քենդի»-ն 4 տոննա 410 կգ կշռող շոկոլադե սալիկ էր պատրաստել: Բնական շոկոլադե սալիկի լայնությունը 2750 մմ էր, երկարությունը` 5600 մմ, հաստությունը` 2750 մմ: Շոկոլադե սալիկը պատրաստվել էր 4 օրում, Աֆրիկայից բերված կակաոյի բնական հատիկներից:





























