ՌԴ նախագահին առընթեր երեխաներիի իրավունքների հարցերի լիազոր Աննա Կուզնեցովան զբաղվում է Էստոնիայում ռուսաստանցի ընտանիքից երեխային խլելու հարցով, փոխանցում է ՆՏՎ-ն։ Երեխայի գործերով լիազորի աշխատակազմի աշխատակիցները կապվել են դեսպանատան հետ, էստոնացի գործընկերների հետ բանակցություններ են վարել եւ պատրաստում են անհրաժեշտ հարցումները, որոնք առաջիկայում Էստոնիա կուղարկվեն։
Ռուսաստանցիներ Անատոլի Ղազարյանի եւ Աննա Միխայլովայի ընտանիքից 8-ամյա Իզաբելային վերցնելու մասին հայտնել է փաստաբան Վիոլետա Վոլկովան։ Նրա խոսքով՝ Տալինում բնակվող ընտանիքից դատարանի վճռով խլել են երեխային։ Փաստաբանի խոսքով՝ երեխային խլել են հուլիսի 11-ին. երեք օրից ընտանիքը պետք է Մոսկվա մեկներ։ Պատճառը, իբր, բնակարանի հին վերանորոգումն է եւ ծխախոտի ծխի հոտը։
Ծնողներին թույլ են տալիս այցելել երեխային։ Ընտանիքը միասին օրական 15 րոպե է անցկացնում։
Իզաբելայի ծնողները երկրորդ կարգի հաշմանդամներ են, այդ պատճառով ընտանիքի եկամուտը մեծ չէ։ Իսկ Էստոնիայի իշխանությունները երեխային չեն պատրաստվում հենց այնպես վերադարձնել եւ այդ առիթով ոչ մի բացատրություն չեն տալիս։


























