Հայաստանում արեւային էլեկտրակայանները կարող են իրենց ծախսը հանել 7-10 տարվա ընթացքում։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է «Արփ Սոլար» ընկերության հիմնադիր Հայկ Չոբանյանը։

Վերջերս ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից արտոնագիր է ստացել կայանի կառուցման համար։ Ընկերությունները, որոնք 2016-ի նոյեմբերի 16-ից սկսած, կկառուցեն առաջին 10 ՄՎտ նոր արեւային հզորությյուններ, կստանան 1 կՎտ․ժ համար 42․6 դրամ արտոնյալ սակագին (առանց ԱԱՀ-ի)։ Դա Հայաստանի էլեկտրակայանների համար գործող սակագներից ամենաբարձրն է։ Այն նախատեսված է 150 կՎտ-ից մինչեւ 1 Մվտ կայանների համար (150 կՎտ-ից քիչ հզորության կայանները համարվում են տան կամ փոքր բիզնեսի համար օժանդակ ու էլեկտրականության վաճառքի նպատակ չհետապնդող կայաններ։ Դրա համար էլ դրանց ռեւերսիվ բացթողումը ցանց ազատվում է ԱԱՀ-ից)։

«Դա բավականին լավ բիզնես քեյս է, Հայաստանում արեւային արդյունաբերությունը շատ հեռանկարային է»,- հայտնել է Չոբանյանը։

Չոբանյանը, որն ավելի վաղ Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության փոխտնօրենն է եղել, նշել է, որ Հայաստանում արդեն քիչ չեն ընկերությունները, որոնք սոֆթ են ստեղծում էներգետիկ օբյեկտների կառավարման համակարգերի համար։ «Կարծում եմ, հետաքրքրությունը կաճի, իսկ դրա հետ մեկտեղ կհայտնվեն ծրագրեր նաեւ հատուկ արեւային էներգետիկայի համար։ Այն ունի իր յուրահատկությունը, քանի որ արտադրվում է այն ոչ համաչափ, եղանակային փոփոխությունները հաշվի առնելով»,- նկատեց Չոբանյանը։