ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի 10-ամյա բնակիչ Ջուդ Սփարքսն իր համար անսպասելի հնագիտական խոշոր հայտնագործություն է կատարել. ընտանիքի հետ քաղաքից դուրս ուղեւորության ընթացքում տղան փղի նախահոր գանգ է գտել, որը մեր մոլորակի վրա է ապրել 1 մլն տարի առաջ, փոխանցում է Life-ը: 

Դռահասը Fox News-ի լրագրողներին պատմել է, որ քարացած մնացորդները միանգամայն պատահաբար է գտել՝ կրտսեր եղբոր հետ զբոսնելիս Ջուդը սայթաքել եւ ընկել է:

«Դա մեծ ոսկորների էր նման»,- նկարագրել է նա իր տեսածը եւ հավելել, որ սկզբում այն ընդունել է որպես կովի գանգ:

Երեխաները կանչել են ծնողներին, եւ նրանք անմիջապես կռահել են, որ խոսքը զգալիորեն ավելի արժեքավոր մնացորդների մասին է: Ընտանիքի հայրը զանգահարել է Նյու Մեքսիկոյի համալսարանի կենսաբանության պրոֆեսորին եւ հայտնել վիթխարի գանգի մասին: Գիտնականը տեղ հասնելով ապշահար է եղել:

«Ենթադրում եմ, որ սա ստեգոմաստոդոնի երկրորդ ամբողջական գանգն է, որը գտնվել է մեր նահանգում»,- հեռուստաալիքի աշխատակիցների հետ զրույցում ասել է Փիթեր Հաուդը:

Կենսաբանի խոսքով՝ խոսքը փղի նախահոր մնացորդների մասին է: Եվ այն փաստը, որ գանգը եւ ստորին ծնոտը գտնվել են նույն տեղամասում միմյանց մոտ, հույս է ներշնչում, որ այս շրջանում գիտնականները կկարողանան հայտնաբերել նաեւ ամբողջ կմախքը: