Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան կազատականացնեն։ Համապատասխան ռազմավարության նախագիծը հավանության է արժանացել հուլիսի 27-ի կառավարության նիստում։ Միջոցառումների ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2017-2021 թվականներին։

Ներկայում էլեկտրաէներգիան եւ բաշխում, եւ մատակարարում է միայն «Հայաստանի էլեկտրացանցերը»։ Այժմ բաշխիչ ցանցը կարող է մեկը լինել, իսկ մատակարարները՝ մի քանիսը։ Ցանցով էլեկտրականություն մատակարարել (գնել կայանից եւ վաճառել բաժանորդներին) կկարողանան նաեւ այլ ընկերություններ՝ օգտագործված ցանցերի համար «Էլեկտրացանցերին» վճարելով։

Այսպիսով, էլեկտրաէներգիա սպառողները (խոշոր ձեռնարկություններ կամ տնային տնտեսություններ) կախված չեն լինի ֆիքսված սակագնից եւ կկարողանան լավագույն գնի շուրջ բանակցություններ վարել։ Բայց, մյուս կողմից, նրանց վրա կազդեն էլեկտրաէներգիայի ինքնարժեքի տատանումները։