Թանզանիայի գյուղական տեղանքներում ալբինիզմով տառապող մարդիկ դեռ ենթարկվում են բռնության ու ապրում մշտական վախի մեջ իրենց կյանքի համար։ Այս մասին հայտնել է Ալբինոսների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Իկվոնվոզա Էրոն, այդ երկիր իր այցից հետո, որը 11 օր է տեւել։

10 տարի առաջ հենց Թանզանիայից են ստացվել առաջին հաղորդագրությունները ալբինիզմով տառապող մարդկանց հանդեպ բռնության դեպքերի մասին։ Նրանց սպանում էին ու տանջում՝ որպեսզի ստանան նրանց մարմնի այն մասերը, որոնք, ըստ հավատալիքների, մոգական ուժ ունեն։ Այդ ժամանակվանից սկսած, Էրոյի խոսքով, քիչ բան չի արվել՝ ալբինոսների վրա հարձակումների քանակը զգալիորեն նվազել է։

Սակայն փորձագետի կարծիքով, այդ երեւույթների բուն պատճառները դեռ չի հաջողվել արմատախիլ անել։ Գյուղերի շատ բնակիչներ դեռ հավատում են «կախարդ- բուժակներին»։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Թանզանիայի կառավարությանը կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել այդ սնահավատության դեմ պայքարի համար։