WeltN24 մեդիաընկերությունը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ այն կապակցությամբ, որ գերմանական Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելին թուրքական իշխանությունները նախկինի պես պահում են կալանքի տակ։ Բողոքի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է, որ խոսքի ազատության ու տեղեկությունների տարածման՝ ընկերության իրավունքը խախտվել է լրագրողի կալանավորման կապակցությամբ, որին մեղադրում են ահաբեկչության մեջ, հայտնում է DW-ը։
«Լրագրողը բանտում է հայտնվել միայն այն բանի համար, որ կատարել է իր աշխատանքը, ու դա չպետք է անպատիժ մնա»,- ասել է WeltN24 –ի տնօրեն Շտեֆանի Կասպարը։ Ընդ որում նա հավելել է, որ ընկերությունը գործի կդնի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի պաշտպանի իրեն ու իր թղթակցին։
Դենիզ Յուջելը , որը ունի Թուրքիայի ու Գերմանիայի երկքաղաքացիություն, ձերբակալվել է Ստամբուլում փետրվարի 14-ին, որից հետո կալանավորվել է։ Երկու շաբաթ հետո դատարանը նրան մեղադրանք է առաջադրել ահաբեկչություն քարոզելու ու ազգամիջյան ատելություն բորբոքելու համար։
Յուջելի ձերբակալությունն ու կալանավորումը Գերմանիայում առաջացրել են կոշտ քննադատություն։




























