Ռուսական զենք արտահանող Ռոսոբորոնէքսպորտը 2012-ին բրիտանական Metastar Invest ընկերության հաշվին շուրջ 29 մլն դոլար է փոխանցել։ Այս մասին ասվում է «Ադրբեջանական լվացքատուն» գործի նյութերում։ 

Մինչ այդ՝  2011-ին, Ադրբեջանը Ռոսոբորոնէքսպորտի հետ սպառազինության մատակարարման պայմանագիր էր ստորագրել, եւ Ադրբեջանում տարիներ շարունակ քննարկվել է այդ զենքի որակը։ Այս մասին «Իրական ժամանակ» ալիքի հետ հարցազրույցում ասել է հետաքննություն իրականացնող լրագրողներից Խադիջա Իսմայիլովան։ 

Նրա խոսքով՝ փողերի մի մասը հայտնվել են Հունգարիայում բանկային հաշվեհամարին, որը Օրհան Էյուբովի օֆշորային ընկերությանն է պատկանում (Ադրբեջանի առաջին փոխվարչապետի որդուն)։ Նրա հայրը զենք գնելու շուրջ բանակցությունների գլխավոր մասնակիցներից էր։ «Չգիտեմ, թե որքանով են դրանք փոխկապակցված, բայց շատ հարցեր են առաջացնում։ Ինչի՞ համար ադրբեջանա-հունգարական ընկերությանը պետք է փող վճարվեր»,-նշել է Իսմայիլովան։

Լրագրողը կարծում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանի այդ հարցին։ «Արդյոք այդ բանակցությունները կապ ունե՞ն փաստի հետ, որ Ադրբեջանը հենց Ռոսոբորոնէքսպորտից է զենք գնում եւ արդյոք կապվա՞ծ է նրա հետ, որ Ռոսոբորոնէքսպորտը հին, անորակ զենք է մատակարարում։ Կարծում եմ՝ Ռոսոբորոնէքսպորտն ու Ադրբեջանը պետք է այդ հարցերին պատասխանեն»,-ընդգծել է նա։

Ավելի վաղ ներկայացրած հետաքննության համաձայն՝ Ռոսոբորոնէքսպորտի փողերը բաժին են ընկել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանեկան բիզնեսի հետ կապված օֆշորային ընկերությանը։ Մասնավորապես՝ որոշ վճարումներում նշվել է, որ ռուսական զենքի մատակարարի փողերը բրիտանական Metastar Invest ընկերության միջոցով պետք է փոխանցվեին մեկ այյլ օֆշորային ընկերության՝ Inmaxo Capital-ին։

Inmaxo Capital-ին, իր հերթին, Ռուսաստանից Ադրբեջան ցեմենտ արտահանելու համար (Pasha Insaat ընկերության համար) որպես միջնորդ է հանդես եկել։ Այդ հոլդինգը ղեկավարում է Արիֆ Փաշաեւը՝ Մեհրիբան Ալիեւայի հայրն ու Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի աները։