Վրաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնի հեռագրերից մեկում, որ հրապարակվել է Wikileaks սկանդալային կայքի կողմից, ասվում է, որ 2009թ. օգոստոսի 26-ին Հայաստանի երեք քաղաքացիներով մի մեքենա մուտք է գործել Վրաստան` Սադախլոյի անցակետով: Սքանավորող մոնիտորները մեքենայից ճառագող ռադիացիա են արձանագրել: Մեքենայի վարորդը հայտարարել է, որ վերջերս է վիրահատություն տարել, որի ժամանակ ռադիոակտիվ իզոտոպ է մտցվել մարմնի մեջ: Ոստիկանությունը ոչ մի փաստաթուղթ չի պահանջել եւ թույլատրել է մեքենային մուտք գործել Վրաստանի տարածք:

Հաջորդ օրը մեքենան վերադարձել է Հայաստան, եւ մոնիտորները կրկին ռադիոակտիվ ճառագայթում են արձանագրել: Այս անգամ մանրամասն վերլուծությամբ պարզվել է, որ մեքենան աղտոտված է Ցեզիում-137-ով: Մեքենայի խուզարկությունը, սակայն, ոչինչ չի տվել:

Մեքենայում գտնվող անձինք հարցաքննվել են, եւ հայտարարել, որ մեքենան աղտոտվել է գյուղում, որի կողքին ռադիոկայան կա: Հայաստանի քաղաքացիներին ազատ են արձակել: Ներկայումս ՀԴԲ-ի զանգվածային խոցման զենքի տարածաշրջանային համակարգողը հետաքննում է միջադեպը: