Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվել է հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որը ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը եւ համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կարեւորելով հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության որակական նոր հարթություն է եւ խոսում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին:

Նա մասնակցել է նաեւ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի բանակային շինությունների բացման արարողությանը, ծանոթացել զորանոցային պայմաններին ու գերճշգրիտ S-300 զենիթահրթիռային համակարգերի աշխատանքին:

Սեյրան Օհանյանն այցելել է նաեւ ռազմական արդյունաբերության ձեռնարկություններից մեկը եւ ծանոթացել ռազմական ինքնաթիռների վերանորոգման նորակառույց արտադրամասի պայմաններին: