Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունները բավական օբյեկտիվ են, սակայն դրանց հաջորդող քայլերի իրագործումը կասկածի տեղիք են տալիս: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով նախագահի քննադատական ելույթներին չեն հաջորդում առկա թերությունները վերացնելու քայլեր:
«Հիմնական խնդիրն այն է, որ այդպիսի ելույթներին պետք է հաջորդեն հստակ քայլեր, որպեսզի այդ հայտարարություններն ընդամենը չլինեն երկրում ստեղծված իրավիճակի մասին նախագահի տեսակետը: Եթե ժամանակին նախագահի քննադատական ելույթներին հետեւեին հստակ քայլեր, երկիրն ավելի լավ վիճակում կլիներ», - նշեց Արմեն Ռուստամյանը:
«Օրինակ` իր ելույթում Հայաստանի նախագահն անթույլատրելի համարեց որոշ չինովնիկների եւ գործարարների կազմակերպվող թիկնապահների շքերթը` հայտարարելով, որ այդ մասով օրենսդիր մարմինը պետքէ աշխատանք կատարի: Սակայն ՀՅԴ-ն դեռ մի քանի տարի առաջ ներկայացրել էր օրինագիծ, որը պետք է կարգավորեր ոլորտը, սակայն փաստաթուղթը միչեւ այսօր տորպեդահարվում է խորհրդարանական մեծամասնության եւ կառավարության կողմից», - ասաց Ռուստամյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց երկրում առկա բացասական երեւույթները`շեշտելով դրանց վերացման ուղղությամբ կատարելիք լուրջ քայելրի անհրաժեշտությունը:





























