Դեկտեմբերի 20-ին, ժամը 23-ի սահմաններում երկու տղամարդ խաբեությամբ ներս են մտել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Բանավան 2-րդ շենքի 6-րդ բնակարան, եւ կատարել ավազակային հարձակում: Բնակարանից ավազակները գողացել են 307 հազար դրամ գումար, ինչպես նաեւ ոսկյա զարդեր՝ երկու ոսկյա մատանի, մեկ ապարանջան եւ մեկ ոսկյա անվանատառ: Ըստ տուժողի, հանցագործները հափշտակել են 307 000 դրամ եւ 80 000 դրամ արժողության ոսկյա զարդեր:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակային հարձակման ժամանակ բնակարանում եղել է տանտիրուհին՝ 31-ամյա Տաթեւիկ Պողոսյանն իր երեք անչափահաս երեխաներով: Երբ ավազակները բախել են բնակարանի դուռը, տանտիրուհին պատշգամբում երեխային քնեցնելիս է եղել: Բնակարանի դուռը բացել է երեխաներից մեկը՝ Անահիտը: Նրան ասել են, թե մեղր են վաճառում, եւ առաջարկել են տան անդամներին մոտենալ իրենց: Երբ երեխան քիչ անց վերադարձել եւ հայտնել է, թե «մաման ասում է՝ մեզ մեղր պետք չէ», ավազակները բռնությամբ մի կողմ են հրել դուռը եւ ներս մտել:
Ավազակներից մեկի ձեռքին դանակ է եղել, ով սպառնացել է, թե երեխաներին կսպանի եւ առաջարկել իրեն տալ տանը եղած գումարն ու ոսկեղենը: Անահիտի սկեսրայրի խոսքով՝ ավազակները տակնուվրա են արել տունը, գումարն ու ոսկեղենը հափշտակել եւ դիմել են փախուստի:
Այս պահին հիշյալ բնակարանում են գտնվում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներն ու քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Անչափահաս Անահիտին եւ նրա մորը՝ Տաթեւիկին ոստիկանները տարել են ոստիկանություն, որտեղ Տաթեւիկը լրացուցիչ ցուցմունքներ կտա:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:






Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























