Նախարարների փոփոխությունները ձեւական, արհեստական, որեւէ հիմք չունեցող երեւույթներ են. ավելի կարեւոր են համակարգային փոփոխությունները։ Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի նման տեսակետ հայտնեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
«Օրինակ, քաղաքապետի փոփոխության հարցը։ Ակնհայտ խուլիգանական, քրեական ինչ-որ բաներ եղան, ինչը, ցավոք, մեր իշխանական բուրգի առաջնային բնութագրերից մեկն է։ Երեւանի ավագանու անդամներից որեւէ մեկը ներողություն խնդրե՞ց, որեւէ մեկն իր մանդատից հրաժարվե՞ց։ Նման բան չկա եւ չի լինելու, որովհետեւ քաղաքական համակարգի առաջին բնութագիրն անպատասխանատվությունն է։ Մինչդեռ ամբողջ հասարակությանը ընտրությունների ժամանակ գերի դարձրեցին ինչ-որ մի տղայի քաղաքապետ դարձնելու համար»,- հիշեցրեց Ասատրյանը։

Անդրադառնալով կադրային մյուս փոփոխություններին՝ նա կրկին շեշտեց, որ պաշտոնների փոփոխությունները համակարգային փոփոխությունների չեն բերելու։ «Կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն իրենց տեղում չեն։ Օրինակ, Ներսես Երիցյանը բավականին կարող անձնավորություն էր։Նախեւառաջ ափսոսում եմ, որ նա նշանակվեց Էկոնոմիկայի նախարար։ Փայլուն գիտելիքներով մեկը, ով սակայն ակնհայտորեն իր տեղում չէր, ինչն էլ վնասեց իր հեղինակությանը։ Իր տեղում չէ նաեւ Վաչե Գաբրիելյանը։ Համակարգը թույլ չի տա, որ այդ գիտելիքներն աշխատեն։ Համակարգն այնպիսին է, որ գիտուն եւ կարող մարդիկ այդտեղ պետք չեն։ Համակարգը դուրս է մղում, մերժում է,շպրտում է նման մարդկանց, եւ հակառակը՝ ընդունում լավ կապեր ունեցող, ճարպիկ, բռի, մարդկանց ծեծողներին»,- ասաց նա:

Խոսելով ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանի մասին, Ասատրյանը նշեց, որ թեպետ նրան լավ չի ճանաչում, սակայն «մեջներից ամենաթույլը նրան կգնահատեր»՝ դատելով այս եւ նախորդ տարվա բյուջեներից։

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, զբաղեցրած պաշտոնից օրերս ազատվել էին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ Ներսես Երիցյանը՝ ԿԲ փոխնախագահ: Ֆինանսների նախարար էր նշանակվել Վաչե Գաբրիելյանը, ով նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնից: