Թերթը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում 2010 թվականը:

Ինչպես ցանկացած տարի, 2010 թվականին նույնպես եղան ձեռքբերումներ եւ անհաջողություններ: Շատ դժվար է մեկ տարվա կտրվածքով անել հետեւություններ: Երկրի համար օրացուցային տարին պայմանական հասկացություն է: Տարին ավարտելով` չլուծված հարցերն ու խնդիրները չեն վերջանում, դրանք սահուն տեղափոխվում են հաջորդ տարի ու անպայման պահանջում լուծումներ:

Կա՞ բիզնեսի արտահոսքի միտում Հայաստանից:

Շատերն իրենց բիզնեսը տեղափոխում են այլ երկրներ, այդ թվում` հարեւան Վրաստան: Բիզնեսը միջավայրի եւ փոփոխությունների հանդեպ խիստ զգայուն է: Բիզնեսի հետ հարկ է խոսել տնտեսական, տնտեսագիտական լեզվով: Վարչական մեխանիզմներով, կոչերով, հայտարարություններով բիզնեսին չես կարող ստիպել անել այս, կամ չանել այն քայլը:

...Մեր հայրենակիցներից շատերը չեն կարողանում հայրենիքում ունենալ իրենց գործը, ապրել արժանապատիվ, իրենց ընտանիքները պահել նորմալ, բարեկեցիկ պայմաններում: Դրա պատճառով էլ թողնում-գնում են: Մի բան պարզ է, որ արտագաղթի ցուցանիշները ուղղակիորեն կապված են երկրի տնտեսական վիճակի հետ: Տնտեսական վերելքի փուլում արտագաղթի ցուցանիշները նվազում են, իսկ անկման տարիներին կտրուկ աճում:

Կարծիք կա, հատկապես երիտասարդության մեջ, որ առանց ծանոթ-բարեկամի հնարավոր չէ Հայաստանում առաջ գնալ, ու սա ծնում է թերահավատություն ապագայի հանդեպ:

Իհարկե, կա նման տեսակետ: Ու սա շատ հաճախ գալիս է իրական կյանքից: Սա լուրջ խնդիր է: Պետությունը պետք է կարողանա ապահովել ազատ մրցակցություն բոլոր մակարդակներում. սկսած անհատականից: Այսօր կա արդարության պակաս: Սա խնդիր է, որը պիտի լուծվի: