ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր^հունվարի 18-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանն ու Նիգերիան միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունից բացի կզարգացնեն երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ փոխգործակցության զարգացման համար:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի ստեղծումը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը:

Դեսպան Իբրահիմ Համզաթը նշել է, որ Նիգերիան շահագրգռված է հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ եւ տեղեկացրել, որ իր երկիրն այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում տնտեսության բազմազանեցման ուղղությամբ:

Դեսպանն ընդգծել է, որ փոխգործակցության զարգացման հետաքրքրություն կա մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ Հայաստանը զգալի փորձ է կուտակել, ինչպես նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության բնագավառներում: Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի պաշտոնավարման ժամանակահատվածում լավագույնս իրականացնելու իր առաքելությունը՝ նպաստելով հայ-նիգերիական հարաբերությունների ամրապնդմանը: