Վրաստանը «պետք է դառնա այս տարածաշրջանի Սինգապուր» եւ դրան նպաստում է ամեն ինչ՝ այդ թվում ազատական հարկային քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վրացի եւ օտարերկրացի ներդրողների հետ հանդիպման ժամանակ։
Սահակաշվիլին նշել է, որ ընթացիկ տարում Վրաստանում տնտեսական աճը կազմել է ավելի քան 6 տոկոս, ինչը «լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով աշխարհում տիրող տնտեսական եւ ֆինանսական վիճակը»։ Նա նաեւ հիշեցրել է, որ «բիզնես սկսելու հեշտության տեսանկյունից Վրաստանն աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը, եւ կաշառակերությունը երկրում գրեթե զրոյական է»։ Բացի այդ, այս տարի առաջին անգամ հաջողվել է կրճատել գործազրկության մակարդակը, հայտարարել է Վրաստանի նախագահը։
«Մենք իդեալականորեն նախապատրաստված ենք Վրաստանում կատարվելիք ներդրումներին եւ դա շատ կարեւոր բաղադրիչ է այն բանի համար, որպեսզի Վրաստանը դառնա այն, ինչին ձգտում է՝ լինել այս տարածաշրջանի Սինգապուր»,- հայտարարել է Սահակաշվիլին։




























