Օրերս հետաքրքիր հայտաարարություն է տարածել բանկային վերահսկողության Բազելի կոմիտեն։ Այն մտադիր է աշխարհի բոլոր բանկերին պարտավորեցնել՝ հրապարակայնացնել աշխատակիցներին վճարվող բոնուսների չափերը։

Բազելյան կոմիտեն, որի խնդիրն է ներդնել բանկային կարգավորման միասնական ստանդարտներ, մշակել է առաջարկություն, ըստ որի՝ բանկերը պետք է տեղեկացնեն, թե ինչպես են բոնուսները անդրադառնում բանկային աշխատողների աշխատանքի արդյունքների վրա։

Բազելի կոմիտեի հայտարարության համաձայն՝ այս նախաձեռնությունը պատասխան է 2008 թ. ֆինանսական ճգնաժամին։ Նպատակն է՝ ապահովել «արդյունավետ շուկայական կարգապահություն»:

Նշենք, որ բոնուսները քիչ դեր չեն խաղում նաեւ Հայաստանի բանկային համակարգի վարձատրության բնագավառում։ Սակայն դրանք նույնպես իրականացվում են ոչ թափանցիկ։ Բանկային համակարգի միջին ամսական աշխատավարձը մոտ 450 հազ. դրամի (մոտ 1250 դոլար) սահմաններում է, որի մոտ 30 տոկոսը վճարվում է բոնուսների տեսքով։