ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի մեջ մեղադրվող Մանվել Հազրոյանի առողջական վիճակը, բժիշկների վկայությամբ, նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հազրոյանի փաստաբան Կարեն Թումանյանը: Մանվել Հազրոյանը ներկայումս Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալում է: Հարցին՝ արդյոք չորս հոգու սպանությնա մեջ մեղադրվող Հազրոյանը փաստաբաններին պատմե՞լ է միջադեպի հետ կապված եղելությունը, փաստաբանը պատասպանեց, թե չի կարող ասել քանի որ դա փաստաբանական գաղտիք է: Կարեն Թումանյանը հայտնեց, որ Հազրոյանն այս ընթացքում ընդամենը մեկ անգամ է ցուցմունք տվել՝ Ստեփանակերտի հոսպիտալում եղած ժամանակ: Ուշագրավ է, որ փաստաբանը, ով ներկա է եղել այդ պրոցեսին, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ չէ: Նա ԼՂՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Սիմոնյանն է: Կարեն Թումանյանը նշեց նաեւ, որ նախաքննությունը դեռեւս շարունակվում է եւ շուրջ մեկուկես ամսվա ընթացքում գործով նոր հանգամանքեր ի հայտ չեն եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով: