Կոտայքի մարզում ամանորյա եռուզեռի ընթացքում փորձել են ձիու միսը տավարի մսի տեղ վաճառել։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 26-ին ժամը 19.30 սահմաններում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Եղվարդի բաժնի աշխատակիցները օպերատիվ աշխատանքի արդյունքում Ոստիկանության Եղվարդի բաժին բերման են ենթարկել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 8 փողոցի բնակիչ 54-ամյա Շիրին Իվանի Ամիրյանին։ Վերջինս խոստովանել է, որ դեկտեմբերի 20-25 ընկած ժամանակահատվածում Լոռու մարզից 430 հազար դրամով 2 գլուխ ձի է ձեռք բերել, այնուհետեւ ձիերը մորթելով՝ հանձնել է Չարենցավանի մսի իրացման կետերի աշխատակիցներ Վիրաբ Արզումանյանին, Սայաթ Սեյրանյանին եւ Գագիկ Կոստանյանին։ Ամիրյանը ձիու միսը ներկայացրել է որպես տավարի միս։
Շամշյանը տեղեկացրեց, որ ոստիկանները առգրավել են կեղծ տավարի միսը, իսկ Կոտայքի մարզային վարչության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեպքի առընչությամբ։




























