Երեքշաբթի Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին  դատապարտել 30 տարվա բանտարկության, ում մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ, հայտնում է Yonhap News-ը:

Պակ Կըն Հեն պաշտոնանկ է արվել 2017 թվականի սկզբին իմփիչմենթի արդյունքում, երբ պարզվել է, որ նա ընդգրկված է խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ:

Գործակալության տեղեկություններով՝ դատախազությունը նաեւ պահանջել է նախկին նախագահին տուգանել 110,4 մլն դոլարով: Սպասվում է, որ Պակ Կըն Հեի դատավճիռը կհրապարակվի մարտի վերջին:

Երկրի նախկին առաջնորդի շուրջ քաղաքական սկանդալը բռնկվել է 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ են հապարակվել նրա վրա մտերիմ ընկերուհու՝ Չհվե Սուն Սիլի ազդեցության մասին: Հետաքննությամբ պարզվել է, որ նա մի քանի տարի շարունակ տեղյակ է եղել պետական կառավարման մանրամասներին եւ խառնվել է բարձր մակարդակով քաղաքական որոշումների ընդունմանը: Դրանից բացի, նախկին նախագահի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա՝ նրանց կողմից տասնյակ միլիոնավոր դոլարներ իր ենթակայության տակ գտնվող հիմնադրամներին փոխանցելու նպատակով: