Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ստորագրել է բոլոր փաստաթղթերի տակ, արդյունքները չէին կարող կեղծվել: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար, Հաշվիչ հանձնաժոզովի նախագահ Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության արդյունքների շուրջ ստեղծված իրավիճակին: 

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքները ամփոփելիս՝ պարզվել է, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին դեմ է քվեարկել «Ելք»-ից 2 պատգամավոր, մինչդեռ խմբակցությունը որոշել էր միաձայն դեմ քվեարկել: «Ելք» խմբակցության անդամները պնդում են, որ արդյունքները կեղծվել են, իշխանությունը «ժուլիկություն» է արել: Փաշինյանը պնդում է, որ հետաքննություն են սկսելու իրականությունը բացահայտելու համար:

«Ես չեմ կարող ասել, որովհետեւ «Ելք»-ի հանձնաժողովի անդամը անձամբ ստորագրել է փաստաթղթերը ու որեւէ խնդիր չի տեսել: Արկղը շրջել ենք, նայել, բոլոր անդամները հաշվել են, կանոնակարգի խախտում չկա, ըստ կարգի հաշվել են: Բացառվում է, որ քվեաթերթիկ փոխվեր, քանի որ ավելացածները պատռվել են»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Նա ասել է՝ եթե ուզում են, թող հետաքննություն սկսեն: