Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը կընդլայնվի: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման առանցքում եղել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ արդեն այս ուսումնական տարվանից Երեւանի եւ հանրապետության 5 մարզերի թվով 10 դպրոցների 5-9-րդ դասարանի աշակերտները ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրում են խորացված ծրագրերով: Ձեւավորվել է յուրօրինակ ցանց, որն, ինչպես իր խոսքում նշել է նախարար Լեւոն Մկրտչյանը, կարող է ընդլայնվել:
Իր հերթին դեսպան Ջ. Լաքոթը կարեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերություններում կրթության համակարգի ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ Ֆրանսիայի դեսպանատունը կրթության ոլորտի նկատմամբ ցուցաբերում է լուրջ եւ գործուն աջակցություն: Այդ համատեքստում դեսպանը մանրամասնել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնմանը միտված քայլերի մասին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առկա հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկել հետեւողական քայլեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերվող աշխատանքային մի շարք հարցերի:



























