Մաթեմատիկոսները պարզել են, որ զոմբիների հարձակումը հնարավոր է կասեցնել միայն այն դեպքում, եթե երկրները, որտեղ «կենդանի մեռյալներ» են հայտնվել, բավականաչափ խոշոր բանակ ունենան: Այս դերին առայժմ համապատասխանում է միայն Հյուսիսային Կորեան, հայտնում է MiceTimes of Asia պարբերականը:
«Մեր մոդելում առկա են ոչ միայն կենդանի արարածների 2 «դասական» պոպուլյացիաները՝ ագրեսիվ զոմբիները եւ անպաշտպան մարդիկ, այլ նաեւ զինվորականները: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս համաճարակի դեմ պայքարում զինվորականների միջամտությունը բնաջնջումից մարդկության փրկության առանցքային գործոնը կլինի»,- նշել են Ժուիս-դի-Ֆորայի (Բրազիլիա) դաշնային համալսարանից Ֆերնանդո Սատոն եւ նրա գործընկերները:
Նրանք «զոմբի-ապոկալպսիսի» համակարգչային մոդել են ստեղծել, որում մարդկանց 3 պոպուլյացիա է եղել՝ զինվորականներ, զոմբիներ եւ քաղաքացիական անձինք: Ըստ գիտնականների մտահղացման՝ մարդկանց այս բոլոր խմբերն ունեն սեփական նպատակներ եւ խնդիրներ ու հիպոթետիկ քաղաքում, որտեղ բնակվում են, միմյանց հետ մրցակցում են «կենսատարածքի» համար:
Այս «պոպոուլյացիաների» ներկայացուցիչները պարբերաբար իրար են բախվում, ինչն ավարտվում է 3 հնարավոր տարբերակներից մեկով՝ զոմբիները սպանում են մարդկանց, մարդիկ սպանում են զոմբիներին կամ էլ կենդանի մեռյալները կամ զինվորականները քաղաքացիական անձանց իրենց նման են դարձնում: Վերջնարդյունքում հակամարտության 2 կողմերից մեկը հաղթում է կամ նրանց միջեւ յուրատեսակ հավասարակշռություն է ստեղծվում:
Այս հակամարտության դասական մոդելներում հաղթողները մշտապես զոմբիներն են, սակայն զինվորականների հավելումը, որոնք կարողանում են կենդանի մեռյալներին սովորական մարդկանցից ավելի արդյունավետորեն սպանել, պատկերն արմատապես փոխում է: Նույնիսկ եթե զինվորականները սակավաթիվ են, նրանք, ինչպես ցույց են տալիս գիտնականների հաշվարկները, կարող են նկատելիորեն երկարաձգել մարդկության ամբողջական բնաջնջումը:
Իսկ եթե զինվորականները բավականաչափ մեծաթիվ են, մոտ 46 զինվոր յուրաքանչյուր 1000 քաղաքացուն, ապա այդ դեպքում «զոմբի-ապոկալիպսիսը» չեղարկվում է: Այդ դեպքում նրանց հաջողվում է բավարար քանակությամբ կենդանի մեռյալների ոչնչացնել համաճարակի տարածման առաջին փուլում՝ մինչեւ այն, երբ այն անվերահսկելի մակարդակի կհասնի:
Ինչպես նշում են մաթեմատիկոսները, առայժմ համանման բանակ ունի աշխարհում միայն մի երկիր՝ Հյուսիսային Կորեան:




























