Ռուսաստանը տեխնիկապես պատրաստ է համաշխարհային ցանցից անջատմանը, չնայած այդ գործընթացը չի կարող ցավոտ չլինել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ինտերնետի զարգացման հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոն, հայտնում է «Վեդոմոստին»:
«Մենք հիմա ցանկացած գործողության տեխնիկապես պատրաստ ենք, խափանումները մշտապես լինում են մի տեխնոլոգիայից մյուսին անցնելիս,- ասել է Կլիմենկոն: - Եթե վաղը մեր գործընկերները մեզ անջատեն, ես չգիտեմ՝ արդյոք դա ցավոտ չի՞ լինի՝ խոստանում են, որ ցավոտ չի լինի: Ես համոզված եմ, որ ցավոտ կլինի»:
«Ինչ-որ տեղ որեւէ մեկի մոտ ինչ-որ բան կանջատվի: Հավանաբար, կպարզվի, որ ինչ-որ մեկն իր տվյալններն արտասահմանում էր պահպանում, չնայած որոշում կա այստեղ պահպանելու մասին: Ինչ-որ մեկն իր դոմեններըն արտասահմանում է հոսթինգ արել: Այդ պատճառով նրանք, հավանաբար, որոշակի դժվարություններ կունենան»,- շարունակել է նա:
«Սակայն ծրագրասարքավորումների իմաստով ինքնին ոչ մի հակացուցում չկա, որպեսզի մենք լավ ու նորմալ ապրենք, նույնիսկ եթե մեզ այնպիսի պատերազմ հայտարարեն, ինչպիսին ղրիմյան մեկուսացումն է»,- հավելել է Կլիմենկոն:
Նա նշել է, որ արդեն հիմա գործում է ինտերնետի ռուսական սեգմենտը, որը նախատեսված է հատուկ պետական ծառայողների համար:
Կլիմենկոն հիշեցրել է, որ կառավարության 2010 թվականի որոշումը նախատեսում է 5 տարվա ընթացքում անցնել հայրենական ծրագրային ապահովման: «Հինգ տարում անցել է ընդամենը մեկ գերատեսչություն՝ Դատական կատարածուների դաշնային ծառայությունը: Ես չեմ ցանկանում սաբոտաժ բառն օգտագործել: Սակայն մեզ ակնհայտ ցույց են տվել, որ պետք է մտածել մեր տան մասին եւ անհրաժեշտ է դռների վրա կողպեքներ դնել: Եվ պետք է քոնը լինի: Դա ստույգ է»,- եզրափակել է Կլիմենկոն:




























