Երեւանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի  նաեւ մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 5-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երեւանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վերանորոգել նաեւ մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին:

Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով կգույքագրվեն Երեւանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության շրջանակում ստեղծված կառույցներն ու հուշարձանները, որոնք եւս անհրաժեշտության դեպքում կվերանորոգվեն ու կթարմացվեն:

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետին, գլխավոր դիզայներին, աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություներին, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաեւ սկսել մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների ներկման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաեւ համատիրություններին ու մասնավոր ընկերություններին, պահպանելով գունային ներդաշնակությունը: