Կառավարությունը չի մտցրել ավելի մեծ սահմանափակում, քան կա կոնվենցիայում։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քրեական դատավարության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե խափանման միջոցը չի դիտարկվի որպես քողարկված պատիժ, եթե անձը խափանման միջոցի սահմանափակումը չկատարի ու նրան ազատազրկեն։
Նախարարի խոսքով, մեկ տարուց ավելի պետք է լինի, որ կալանքը կիրառվի: «Դրանից հետո միայն կկիրառվի կալանքը։ Խափանման միջոցը պետք է էական կամ պարբերաբար խախտված լինի, որ սահմանվի»,-պարզաբանել է Հարությունյանը։
Զեյնալյանի հարցին, թե այդպիսով գործերի քանակը չի աճի՝ Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ դա որեւէ մեկը նախապես հաշվել չի կարող: «Վճռաբեկ դատարանի դերակատարումը փոխվում է: Ժամանակի ընթացքում կերեւա՝ աճո՞ւմ է ծանրաբեռնվածությունը, թե ոչ: Մի բան ակնհայտ է՝ Դատական օրենսգիրքը նախատեսում է գործերի քննության ողջամիտ ժամկետ»։
Օրինագծի ընդունմանը կտրուկ դեմ է հանդես եկել հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը․ «Եթե խափանման միջոց է սահմանվել ստորագրությունը երկիրը չլքելու մասին, եւ եթե տվյալ անձը խախտել է դա, ապա նրան կարո՞ղ են ձերբակալել։ Ստացվում է՝ մարդը կարող է ազատազրկվել այնպիսի արարքի համար, որը մեր օրենսդրությամբ չի համարվում հանցագործություն։ Անձը կարող է հանցագործություն կատարել, որի համար նա չի կարող ազատազրկվել, բայց եթե երկու անգամ չի ներկայանում քննությանը, ապա կարող է ազատազրկվել։ Սա սկզբունքորեն անընդունելի է»,-ընգծել է Կոստանյանը՝ գործընկերներին կոչ անելով դեմ քվեարկել։
ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը արդյուքնում բացասական եզրակացություն տվեց օրինագծին։




























