Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Համապատասխան որոշումը ընդունվել է մարտի 6-ին կայացած կառավարության նիստի ժամանակ: Ծրագիրը ներկայացրել է առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Օրինագծի համաձայն՝ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման, գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկությունների փոփոխման վերջնաժամկետը 5 աշխատանքային օր է, իսկ արհմիությունների պետական գրանցման եւ կանոնադրությունում փոփոխությունների վերջնաժամկետը՝ 10 աշխատանքային օր:
Այսօրվա դրությամբ առավելագույն ժամկետները 30 օր են սահմանվել: Օրինագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ, որի մասին նշվել է Doing Business 2017 զեկույցում:




























