Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խոստացել է անել ամեն ինչ՝ 70-ական թվականներին ԿԺԴՀ-ի հետախուզության կողմից ճապոնական քաղաքացիների առեւանգման հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Քիմ Չեն Ընի առաջիկա հանդիպմանը բարձրացման համար, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Kyodo գործակալությունը:

«Ես երդվում եմ անել ամեն ինչ, որպեսզի այս հարցը բարձրացվի Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումանը»,- ասել է Աբեն: 

Նշենք, որ ապրիլի կեսերին ճապոնական կառավարության ղեկավարը պաշտոնական այցով կժամանի ԱՄՆ, որտեղ բանակցություններ կվարի Թրամփի հետ: Ճապոնական կողմը մտահոգություն ունի, որ անմիջականորեն իր շահերի եւ ազգային անվտանգության ապահովման խնդիրները կարող են դուրս մնալ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդների պատմական բանակցությունների շրջանակներից:

1970-ական թվականներին ԿԺԴՀ-ի հետախուզության կողմից ճապոնական քաղաքացիների առեւանգման թեման ամենացավագինն է երկու երկրների միջեւ հարաբերություններում, որոնց միջեւ պաշտոնական դիվանագիտական կապեր չկան: 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանել էր միայն 13 ճապոնական քաղաքացիների առեւանգումը եւ նրանցից հինգին թույլ էր տվել վերադառնալ հայրենիք: Մնացածները մեռած էին հայտարարվել, իսկ նրանց հարազատներին ուղարկվել էին աճյունները, որոնց ինքնությունը պարզել այդպես էլ չէր հաջողվել: