Ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի քանի հարված են հասցրել հարավային Լիբիայում տեղակայված ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է երկրի բարձրագույն գործադիր մարմնի՝ Լիբիայի նախագահական խորհուրդի  պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմեդ աս Սալաքը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Youm7 թերթը:

Նրա խոսքով՝ «ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածների թիրախը լիբիական Ուբարու քաղաքի տարածքում գտնվող շինությունն էր»: Այդ շենքում, ինչպես պարզաբանել է  աս Սալաքը, ընթացել է տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների ղեկավարների հանդիպումը: Նախագահական խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ «ռմբակոծության հետեւանքով ծայրահեղականների երկու առաջնորդ է ոչնչացվել»:

Աս Սալաքն հավելել է, որ օդային հարձակումն իրականացվել է «Լիբիայի ազգային համաձայնության եւ ԱՄՆ-ի հետ համատեղ՝ երկու կողմերի միջեւ ահաբեկչության դեմ պայքարում ռազմավարական համագործակցության շրջանակներում»: