Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը` Ծաղկազարդը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է իբրեւ մանուկների օրհնության օր:

Մարտի 25-ը մարդաշատ էր համայն հայության հոգեւոր կենտրոնում: Վաղ առավոտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից ծնողների առաջնորդությամբ բազում մանուկներ արդեն ժամանել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:

Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճարի առջեւ տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, որի ընթացքում հոգեւոր դասն օրհնեց աշխարհի չորս կողմերը:

Վերջում Նորին Սրբությունը տոնի առիթով իր օրհնությունը բաշխեց ներկա մանուկներին: Տերունական աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը մանուկներին խաչեր ընծայեց, ներկա ժողովրդին բաժանվեցին ուռենու օրհնված ճյուղերը:

Արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռ այցելած Տավուշի թեմի մի խումբ մանուկների հետ` ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի:

Տավուշցիները Գարեգին Բ Կաթողիկոսին ընծայեցին ձիթենու ճյուղեր եւ իրենց ձեռքի աշխատանքները:

Նորին Սրբությունը, հայրական իր օրհնությունը բերելով պատանիներին, նրանց նվիրեց խաչեր եւ մաղթեց, որպեսզի Աստծո սերն ու շնորհները մշտապես առատ լինեն հայ մանուկների կյանքում եւ ապրեն խաղաղ ու երջանիկ: