Հայաստանն ակիվորեն առաջ է մղում «խելացի քաղաքի» գաղափարը. կառավարությունը Smart-City հայեցակարգ է ստորագրել: Ստեղծվել է 2 կառույց, որոնք պետք է այս ուղղությամբ աշխատեն՝ Yerevan-Smart City հանձնաժողովը եւ նույնանուն ներդրումային հիմնադրամը: News.am-ը հանձնաժողովի նախագահ, Synopsys-Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանից տեղեկացավ, թե որքան արժե «խելացի քաղաքի» շինարարությունը եւ երբ պետք է ակնկալել առաջին արդյունքները:
Ովքե՞ր են մտնում Ձեր ղեկավարած հանձնաժողովի մեջ:
Հանձնաժողովի կազմում 13 մարդ կա: Նրանցից երեքը Երեւանի քաղաքապետարանի վարչությունների պետեր են: Անդամների թվում է նաեւ Տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության նախագահը, «Թվային Հայաստան» հիմնադրամի գլխավոր տնօրենը, Երեւանի Տեխնոլոգիական կենտրոնի տնօրենը, Շախմատի ակադեմիայի նախագահը, Vivacell-ի, PicsArt-ի եւ այլ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ: Մենք արդեն մշակել ենք կարճաժամկետ ռազմավարությունը, հիմա ինտենսիվորեն աշխատում ենք երկարաժամկետի վրա:
Ինչպիսի՞ ծրագրեր կան կարճաժամկետ ռազմավարության շրջանակում:
Մենք որոշել ենք միջոցառումների ցանկը, որոնք պատրաստվում ենք անցկացնել մինչեւ տարեվերջ: Դրանց թվում գլխավոր են գիտաժողովը եւ ցուցահանդեսը: Դրանք կանցկացվեն սեպտեմբերի վերջին (հավանաբար, սեպտեմբերի 26-29-ին) եւ կնվիրվեն Երեւանի հոբելյանին՝ այս տարի մեր քաղաքը տոնում է 2800-ամյակը: Առաջին միջոցառումն է «խելացի քաղաքների» վերաբերյալ Միջազգային գիտաժողովը, որին արդեն սկսել ենք նախապատրաստվել: Մենք կհրավիրենք միջազգային մակարդակի փորձագետների, որոնք զբաղվում են «խելացի քաղաքների» համար լուծումների մշակմամբ: Կլինեն 50 եղբայր քաղաքների ներկայացուցիչներ: Երկրորդ միջոցառումը՝ «Երեւան՝ խելացի քաղաք» միջազգային ցուցահանդեսն է: Ցուցահանդեսում մասնավոր ընկերությունները եւ պետական կառույցները կցուցադրեն իրենց ինովացիոն լուծումները:
Խոսքը միայն Երեւանի՞ մասին է
Հանձնաժողովը ստեղծել է Երեւանի քաղաքապետը, այս պատճառով մեր աշխատանքը սահմանափակվում է միայն մայրաքաղաքով: Սակայն հայեցակարգը ենթադրում է, որ Smart-City-ի փորձնական ծրագրեր կներդրվեն նաեւ Հայաստանի այլ քաղաքներում:
Կա՞ն ինչ-որ կողմնորոշիչներ, որոնց վրա հենվում եք հայեցակարգը մշակելիս:
Մենք հանդիպում եւ խորհրդատվություններ ենք անցկացնում միջազգային կազմակերպությունների հետ: Արդեն հանդիպել ենք GIZ-ի, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի հետ, ցանկանում ենք փորձագիտական օգնության մակարդակով նրանց ներգրավել ռազմավարության մշակման համար: Պետք է ասեմ, որ նրանց կողմից մեծ ցանկություն կա. ես, անկեղծ ասած, չէի սպասում: Այս հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խելացի քաղաքների հայեցակարգերը ամբողջ աշխարհում տարածված են եւ պահանջարկ ունեն՝ դրանց հանդեպ հետաքրքրությունն այնպիսին է, ինչպիսին արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության, մեքենայան ուսուցման մշակումների նկատմամբ: Այսօր յուրաքանչյուր հեղինակավոր ՏՏ կազմակերպություն խելացի քաղաքների թեմայով առաձին ուղղություն ունի:
Քաղաքային կյանքի ո՞ր ոլորտներից եք նախատեսում սկսել: Այսօր Երեւանի համար ի՞նչն է առավել կարեւոր:
Երեւանի համար առանձնապես արդիական են բնապահպանական խնդիրները եւ տրանսպորտային համակարգը: Որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր գաղափարով կիսվել, մտածում ենք հատուկ էլեկտրոնային պլատֆորմներ ստեղծել եւ մրցույթներ կազմակերպել: Առավել հաջողված նախագծերը կպարգեւատրվեն: Նման մրցույթները կգրավեն Հայաստանի գործարար շրջանակների ուշադրությունը՝ ուշադրություն դարձնելով օրիգինալ գաղափարների վրա, նրանք հետաքրքրվածության դեպքում կարող են ավելի սերտ աշխատել թիմերի հետ, ստեղծել վենչուրային հիմնադրամներ: Մենք հասկանում ենք, որ չի ստացվի ընդգրկել անընդգրկելին: Սակայն իշխանությունները լուրջ մոտեցան հարցի լուծմանը: Կառավարությունը ստեղծեց «Թվային Հայաստան» հիմնադրամը: Վերջերս հիմնադրամի թիմը վարչապետին ծրագիր է ներկայացրել: «Սմարթ սիթիի» գաղափարը այս ծրագրի հիմնական մասն է:
Խելացի քաղաքների նպատակն այն է, որ թեթեւացնեն քաղաքաբնակների կյանքը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի կոնկրետ լուծումներ ներդնելու համար:
Մենք կոնկրետ ժամկետներ չենք դնում, քանի որ «խելացի քաղաքի» ստեղծումն անընդհատ գործընթաց է: Առաջին փուլում ծրագրում ենք փորձնական ծրագրեր իրականացնել: Դրանք պետք է ցույց տան, որ այս բոլոր լուծումները՝ խելացի փողոց, խելացի տուն, խելացի էլեկտրախնայողություն իրականանալի են, եւ մենք պետք է դրանք զարգացնենք: Մեր առաջնահերթ նպատակն է այս գաղափարին ներգրավել հասարակության տարբեր խավերից հնարավորինս շատ համաքաղաքացիների: Իհարկե, կարելի է ոչ իրատեսական ծրագրեր դնել, բայց դրանց ոչ ոք չի հավատա, այս պատճառով անհրաժեշտ է սկսել փոքր, իրատեսական քայլերից: Հաջողված փորձնական ծրագրերը վստահություն կառաջացնեն, եւ այդ դեպքում հնարավոր կլինի մտածել նաեւ հաջորդ քայլերի մասին:
Որքանո՞վ է Smart-City հայեցակարգը «թանկ հաճույք»: Որքա՞ն ֆինանսներ են անհրաժեշտ՝ Երեւանը «խելացի քաղաք» դարձնելու համար:
Դժվար է ասել, թե ինչպիսի ֆինանսներ կպահանջվեն: Կարծում եմ՝ անիմաստ է կոնկրետ թվեր հայտնել: Միեւնույն «խելացի գաղափարն» իրականացնելու համար մի քաղաքի համար կպահանջվի ահռելի գումար, մյուսին նույն գաղափարի համար՝ ավելի քիչ ֆինանսներ: Խելացի քաղաքների հայեցակարգերում դերակատարում ունեն ոչ միայն ֆինանսները, այլ նաեւ այլ ռեսուրսները՝ տեխնիկական, մարդկային, պետության ներգրավվածության աստիճանը, Սփյուռքի ներգրավվածությունը, հանրության հետաքրքրվածությունը: Ռազմավարության հաջողությունը կախված է մեծ թվով ասպեկտներից: Օրինակ՝ պլատֆորմները, որոնք մենք ցանկանում ենք ստեղծել, մեծ ներդրումներ չեն պահանջում: Այսօր գլխավորը տարբեր ոլորտներից որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավումն է բուն գործընթացին: Որքան շատ մարդիկ են մասնակցում «խելացի քաղաքի» ստեղծմանը, այնքան հեշտ է ներդրումներ գրավելը: Յուրաքանչյուր հաջողված օրինակ կգրավի միջազգային կազմակերպությունների եւ վենչուրային հիմնադրամների ուշադրությունը:
Արդոք արդեն կա՞ն որոշ հաջողված լուծումներ:
Շատ բան է արվել եւ դեռ արվում է: Օրինակ՝ Հայաստանն առաջին պետություններից մեկն էր, որը սկսեց էլեկտրոնային վիզաներ տրամադրել՝ այսօր դրանք կարելի է ստանալ տարբեր երկրների դեսպանատներում: Հարկային հաշվետվությունները, հայտարարագրերը, օնլայն հաղորդակցությունը պետական հաստատությունների հետ, բանկային գործարքները՝ էլեկտրոնային համակարգերի շնորհիվ այսօր այս ամենն արվում է մի քանի րոպեում: Ընդհանրապես պետք է նշեմ, որ էլեկտրոնային համակարգերի ներդրման ուղղությամբ Հայաստանի կառավարությունը մասնավոր հատվածին գերազանցում է:
Յանա Իսրայելյան



























