Իսրայելը ԱՄՆ–ից 2018 թվականին կստանա ռեկորդային 705 միլիոն դոլար հակահրթիռային պաշտպանության ծրագրերի համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ամերիկացիները օգնում են իրենց գլխավոր մերձավորարեւելյան դաշնակցին կառուցել բազմամակարդակ հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը ունակ կլինի պայքարել հրթիռային սպառնալիքների լայն շրջանակի դեմ։
«Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը հակահրթիռային պաշտպանության համար ռեկորդային գումար է հաստատել՝ 705 միլիոն դոլար: Մենք կշարունակենք հակահրթիռային պաշտպանության բազմաշերտ համակարգի մշակումը»,- գրել է նախարարը՝ նշելով, որ Իսրայելի թշնամիները «կզարմանան հնարավորություններից, որոնք մենք մշակել ենք»:
Նա հավելել է, որ այդ միջոցները կօգտագործվեն նոր համակարգերի, ինչպես նաեւ «Երկաթե գմբեթ» ՀՀՊ կայանների, «Ստրելա-3» եւ «Դավթի պարսատիկ» ՀՀՊ համակարգերի բաղադրիչների սերիական արտադրության համար:




























