Բրիտանական իշխանությունները «Սկրիպալի գործով» կասկածելի ծագման ռուսական գույքի կալանքի համար օրդերներ են տրամադրել: Այս մասին Էստոնիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ արդեն իսկ տրամադրվել են կասկածելի գույքի կալանքի օրդերները, որոնց համար Մեծ Բրիտանիայում այսուհետ նոր օրենք է գործում: «Մեր նպատակն է ապահովել, որպեսզի ցանկացած անհասկանալի ձեւով կուտակված ունեցվածքը հաշվառվի եւ դրա համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն», - ասել է Ուիլյամսոնը Թալինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ`պատասխանելով լրագրողների՝ Բրիտանիայի կողմից կասկածելի ծագման ռուսական գույքի նկատմամբ քայլերի վերաբերյալ հարցին:

Նշենք, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ 16 երկրները նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման կապակցությամբ հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին: Լոնդոնը միջադեպի համար մեղադրում է Մոսկվային, որը կտրականապես ժխտում է իր մասնակցությունը թունավորմանը: