Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է 2009-2012թթ.-ին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին:

ԱՀ պետական նախարարը ողջունել է գերմանացի դիվանագետին հերթական այցի կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Արցախի հետ նրա ունեցած անշահախնդիր բարեկամությունը: Հանս-Յոխեն Շմիդտի խնդրանքով՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական բնագավառում վերջին զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել է ներդրումային մի շարք ծրագրերի:

Դեսպան Շմիդտը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ մանրամասներ ներկայացրել իր այցի ու առաջիկա ծրագրերի մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության մի շարք ոլորտներում Արցախի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության հեռանկարների շուրջ: