Ապուրն առաջին կերակուր է համարվում եւ սննդի օրաբաժնի կարեւոր մաս: Այս կերակրի կարեւորությունն ընգծելու համար էլ ստեղծվել է Ապուրի միջազգային օրը: Ապուրի պատմությունն այնքան հին է, որքան խոհարարությունը: Ապուր բառն առաջացել է ֆրանսերեն «soupe» բառից, իսկ այն իր հերթին լատիներեն «suppa»-ից, որը թարգմանաբար նշանակում է արգանակի մեջ թաթախված հաց, հաղորդում է Calend-ը:
Սակայն մեր պատկերացրած կերակրատեսակը, որն ամենօրյա սնունդ է դարձել, ստեղծվել է 5 դար առաջ ամուր սպասքի առաջացումից հետո, որը կարող էր դիմանալ պատրաստման գործընթացին: Ընդ որում սառը երկրներում ապուրն ավելի շուտ է առաջացել: Օրինակ Հին Չինաստանում այն եփում էին մեր թվարկությունից 100 տարի առաջ:
Բժիշկները վստահ են հիվանդությունների ժամանակ ապուրների օգտակարության մեջ՝ հիվանդներին խորհուրդ տալով ուժերի վերականգնման համար թեթեւ արգանակներ եւ բանջարեղենից ապուրներ ուտել: Ըստ բժիշկների՝ ապուրները բարենպաստ ազդեցություն ունեն մարսողական համակարգի վրա՝ նպաստեով ֆերմենտների եւ ստամոքսահյութի արտադրությանը: Սակայն պետք է հիշել, որ ստամոսքահյութի բարձր թթվայնություն ունեցող, ինչպես նաեւ երիկամներում քարերի առաջացմանը հակված եւ հոդատապով տառապող մարդիկ չպետք է չարաշահեն մսային, ձկնային եւ սնկերով ապուրները:




























