Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը բավականին գործնական էր: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ նման հանդիպումները ոչ միանշանակ փաստարկների են հանգեցնում, սակայն որեւէ տարօրինակ բան տեղի չի ունեցել: «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները նոր փուլ են մտնում: Մեծ մասամբ դա պայմանավորված է Ռուսաստանի միջազգային մեկուսացմամբ», - պարզաբանեց Մարտիրոսյանը:

Ընդ որում, ինչպես նշեց քաղաքագետը, եթե Հայաստանի ամենակարեւոր դաշնակիցը մտերմանում է իր պատմական թշնամու հետ, դա մեխանիկորեն վտանգ է ստեղծում, որ դա կարող է մանրուն դրամ դառնալ այդ երկրների ձեռքում: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ պատմության մեջ այդպիսի դեպքեր արդեն եղել են, եւ դրա մասին Ռուսաստանում շատ լավ գիտեն: Փորձագետի կարծիքով՝ նման բարդ ու վտանգավոր իրավիճակում Հայաստանը պետք է զգոն լինի: Իսկ Երեւանը վաղուց դադարել է միջազգային քաղաքականության սուբյեկտ լինել եւ ավելի շատ պաշտպանում է իր դաշնակցի շահերը: Մինչդեռ, ըստ քաղաքագետի, ի տարբերություն Հայաստանի՝ Թուրքիան լավ գիտի եւ պաշտպանում է իր շահերը:

Ներկայիս իրավիճակում, Հայկ Մարտիրոսյանի կարծիքով, Հայաստանը պետք է նոր, ավելի հուսալի դաշնակիցներ գտնի: Այդպիսի դաշնակիցներ կան, եւ նրանց պետք է գրավել: Չինաստանը, մասնավորապես, ինչպես նշեց քաղաքագետը, գլոբալ, հեռահար քաղաքականություն է վարում եւ շատ շահագրգռված է այս տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմամբ: Հայաստանն ընդամենը պետք է զարգացնի իր հարաբերությունները Չինաստանի հետ, ինչը նա փորձել էր անել ավելի վաղ, սակայն դա որոշակի վեկտորային քաղաքականության մաս չէր: «Չինաստանից բացի կան նաեւ այլ երկրներ: Սակայն Հայաստանն իրեն լուրջ չի պահում, պատշաճ ուշադրություն չի դարձնում նման կարեւոր հարցերին»,- նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Անկարայում կայացել է Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը: