Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը եղել է համագործակցությունն արաբական երկրների հետ։ Այս մասին Gulf Daily News-ին տված հարցազրույցում հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ունենալով հարաբերությունների հարուստ պատմական հիմք՝ մենք կարողացել ենք փոխշահավետ համագործակցություն հաստատել Միացյալ Արաբական Էմիրությունների, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրների հետ։Պետք է օգուտ քաղել այս լավ հարաբերություններից եւ դրանք փոխադրել տնտեսական համագործակցության դաշտ»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով, նախորդ տարի Աբու Դաբիում կազմակերպված բիզնես ֆորումը իր՝ 2016 թվականին ԱՄԷ կատարած  պաշտոնական այցի եւ շեյխ Մոհամեդ բին Զաիդ Ալ Նահայանի հետ ունեցած  քննարկումների շարունակությունն էր:

Նախագահն ընդգծել է, որ անցյալ տարի Հայաստանն առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է հաստատել ԱՄԷ քաղաքացիների համար․ «Բացի այդ, մենք նոր համաձայնագիր ենք ստորագրել՝ քաջալերելու եւ պաշտպանելու ներդրումները: Այս ընթացքում շատ ձեռներեցներ փոխադարձ այցեր են կատարել՝ Էմիրություններից Հայաստան եւ Հայաստանից ԱՄԷ: 2017 թվականի արդյունքն այն էր, որ մեր առեւտրաշրջանառությունը գերազանցեց 200 մլն ԱՄՆ դոլարը: Հավատացած եմ, որ սա միայն մի փոքր մասն է՝ 15-20 տոկոսն է հսկայական չօգտագործված ներուժի, որը կա տնտեսական համագործակցության համար: Հետեւաբար, մենք շարունակելու ենք ավելի մերձենալ եւ չխնայել որեւէ ջանք ԱՄԷ հետ մեր հարաբերությունները հնարավոր բոլոր ոլորտներում ամրապնդելու համար»,- ասել է նա։