ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ  այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ տարածքային կառավարման եւ  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է  համայնքներից ստացված սուբվենցիաների ծրագրային  40  հայտերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 371 մլն դրամ է: Նշված  գումարից համայնքների  ներդրումը կազմում է  791 միլիոն դրամ, իսկ մնացած մասը  պետական աջակցությունն է:  Հայտերը վերաբերում են համայնքային նշանակության ծրագրերի, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել փողոցային լուսավորություն, կոյուղագծերի կառուցում,  փողոցների  ու ճանապարհների բարեկարգում ու հիմնանորոգում,  մանկական այգու ստեղծում ու համայնքային պուրակների կառուցապատում,  մանկապարտեզների վերանորոգում, ջրագծերի կառուցում  եւ այլն:

Դավիթ Լոքյանի ներկայացմամբ՝  բոլոր ծրագրերը մանրամասն  քննարկվել են  շահագրգիռ գերատեսչությունների կողմից, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարեւորել է ծրագրերի  արդյունավետությունը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնվեն  գերատեսչությունների  առաջարկությունները, որպեսզի ձեւավորվեն իրատեսական  ծրագրեր: Նա նաեւ հորդորել է խրախուսել ու ամենայն աջակցություն ցուցաբերել արդյունավետ աշխատող եւ իրենց համայնքների  զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող համայնքապետներին:

Քննարկումների ընթացքում որոշվել է  վերոնշյալ 40  ծրագրային հայտից 3-ին առայժմ հավանություն չտալ՝  համայնքների կողմից համաֆինանսավորման ոչ բավարար ծավալի պատճառով, որպեսզի  վերջիններս կարողանան սահմանված ծավալով կատարել համաֆինանսավորման իրենց պարտավորությունները: