ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ադրբեջանամետ փորձագետի հերթական մեղադրանքը «մանրէաբանական զենք» ստեղծելու մասին։
Այսպես, օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում տպագրվել էր Առաջընթացի աջակցության ամերիկա-ադրբեջանական հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Սինիցինի հարցազրույցը, որտեղ նա ԱՄՆ–ին մեղադրում է Հայաստանի տարածքում լաբորատորիաների ցանց ստեղծելու մեջ եւ ակնարկում դրանց վտանգավորության շուրջ։
Այս հարցով NEWS.am–ի թղթակիցը դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ իր տեսակի մեջ առաջին այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով։
«Հիշյալ լաբորատորիաները վերանորոգվել են ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ, սակայն դրանք համալրված են ՀՀ կառավարության առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների փորձագետներով եւ շահագործվում են նրանց կողմից: Հայ գիտնականները, հետազոտողները եւ փորձագետներն աշխատում են այս արդիականացված լաբորատորիաներում՝ մշտադիտարկելով ու գնահատելով հիվանդությունների ու ախտածինների/պաթոգենների սպառնալիքները, որոնք կարող են վնասել Հայաստանի գյուղատնտեսությանը կամ վտանգ հանդիսանալ Հայաստանի բնակչության համար: Այս լաբորատորիաները ոչ միայն վերազինվել են գերժամանակակից սարքավորումներով, այլ նաեւ ապահովվել է դրանց բարձր սեյսմաանվտանգությունը: Բարձր սեյսմակայունություն ունեցող լաբորատորիաների կառուցումն ավելի մեծ ծախսեր է պահանջում եւ այս նոր լաբորատորիաներն այժմ ապահովում են պաշտպանության առավել բարձր մակարդակ Հայաստանի բնակիչների համար, քան մինչ այդ գոյություն ունեցող կառույցները, որոնք սեյսմակայուն չէին:
Այս լաբորատորիաների բացման միջոցառումները լուսաբանվել են լրատվամիջոցների կողմից, եւ մինչ օրս էլ լաբորատորիաները շարունակում են լրագրողների համար բաց մնալ: Քանզի այս կառույցների գործուենության հետ մենք որեւէ առնչություն չունենք, ես խորհուրդ եմ տալիս մանրամասն տեղեկությունների համար դիմել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաեւ առաջարկում եմ շրջայց կատարել լաբորատորիաներում՝ տեսնելու սարքավորումների ու շենքների որակը եւ խոսելու այդ կառույցներում աշխատող հայ գիտնականների հետ: Այս կերպ, ամեն անգամ այսպես կոչված «փորձագետների» կողմից շրջանառվող ստահոդ լուրերի վրա հիմնելու փոխարեն, դուք կկարողանաք տեսնել իրական պատկերը եւ հասկանալ, թե որն է այս կառույցների օգուտը Հայաստանի ժողովրդի համար»,–ասված է հայտարարության մեջ:




























