Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Թող գարնանային այս պայծառ տոնը ձեր հաջողությունների համար նոր սկիզբ դառնա։

Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, եւ հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Համոզված եմ՝ այդպես է լինելու նաեւ ապագայում։

Դեռեւս Ավարայրից սկսած՝ հայորդիները մարտի են գնացել պաշտպանելու մեր մեծագույն արժեքները` ընտանիքը, հայրենիքը, հավատը։ Հարյուրամյակներ շարունակ մեր մարտակոչերում հնչել է նույն բանաձեւը` պաշտպանել մայրերին, քույրերին, հարսներին, նշանակում է պաշտպանել հայրենիք եւ հավատ։

Ի նշան հարգանքի եւ ակնածանքի՝ այսօր գլուխ ենք խոնարհում մեր զինվորների մայրերի առջեւ, ովքեր ծնում եւ դաստիարակում են կորյուններ: Նաեւ երախտագիտություն ենք հայտնում մեր մայրերին, քույրերին ու կանանց այն մեծ դերակատարության համար, որ նրանք ունեն մեր երկրի առաջընթացի եւ շենացման գործում:

Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորելով Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, հպարտություն ներշնչող զավակներ, երջանկություն եւ խաղաղ երկինք»,- նշել է նախագահը։