Ախալքալաքում հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի եւ միջնադարի պատմաբան Մովսես Խորենացու հուշարձանները համարյա տաս տարի է շպրտված են Մշակույթի տան կողքը: Մենք փորձեցինք պարզել, թե էլի որքան են նրանք «սպասելու» իրենց տեղին, հաղորդում է Jnews.ge-ն։
2010 թ.-ին Ախալքալաքի կենտրոնում Մեսրոպ Մաշտոցի նոր հուշարձանը տեղադրելուց հետո, հինը, որը գտնվում էր նույն տեղում, հայտնվեց Մշակույթի տան պատերի տակ: Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի հետ դեն է նետված նաեւ հայ միջնադարյան պատմաբան Մովսես Խորենացու քարե կիսանդրին:
Մեսրոպ Մաշտոցի լքված հուշարձանի քանդակագոծը Արայիկ Բաղդասարյանն է: Հուշարձանը կառուցվել է 1992 թվականին, Վլադիմիր Լենինի հուշարձանը կենտրոնից հանելուց հետո, եւ որպեսզի տեղը դատարկ չմնա քաղաքի հարուստ բնակիչներից մեկը քանդակագործներին վճարեց որ այս վայրում կանգնեցվի Մաշտոցի հուշարձանը: Մովսես Խորենացու հուշարձանի քանդակագործն է Լեւիկ Գրիգորյանը: Դատելով ձեւից, երկու քանդակներն ավարտված չեն:
Թե ինչքան են հուշարձաններն այստեղ սպասելու, եւ մտադիր են արդյոք տեղական իշխանությունները տեղավորել դրանք այլ տեղերում, մենք հարցրեցինք քաղաքապետարանում:
Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը հայտարարեց, որ նրանք հուշարձանները պաշտպանում են, իսկ որտեղ դրանք տեղադրել դա իրենց իրավասությունների մեջ չի մտնում:
Տնտեսության պլանավորման եւ գույքի բաժնում ասացին, որ այդ հուշարձանները քաղաքապետարանի գույքը չեն, սակայն եթե գտնվի տեղ, որտեղ հնարավոր է տեղադրել, պատկանելության հարցը կարող են լուծել:
«Մենք տեղ ենք փնտրում, որտեղ հնարավոր կլիներ դրանք տեղադրել: Առայժմ չգիտենք որտեղ տեղադրել: Մենք ուզում էինք Մաշտոցի փողոցում դնել նրա հուշարձանը, չստացվեց: Եթե գտնենք արժանի եւ հարմար վայր անպայման կտեղադրենք: Թող դիմեն մեզ առաջարկություններով եւ մենք բոլոր տարբերակները կքննարկենք», – ասում է էկոնոմիկայի եւ պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը:
Ախալքալաքի քաղաքապետարանի ճարտարապետ Շողիկ Ռաիսյանը այդ հուշարձանների մասին պատասխանեց հետեւյալը. «Հուշարձանի տեսքն այնպիսին է, որ ամեն տեղ չի համապատասխանում, ուստի դժվար է գտնել հարմար տեղ: Քաղաքաշինության տեսանկյունից Մաշտոցի հուշարձանը պետք է տեղադրվի փոքր տարածքում, որպեսզի զգացվի, որ դա Մաշտոցի հուշարձանն է, քանի որ գլուխը շրջված է եւ հեռվից նկատելի չէ: Իսկ Խորենացու հուշարձանը կարելի է տեղադրել նկարչական դպրոցի մոտ », – ասում է Շողիկ Ռաիսյանը:
Գեղարվեստի դպրոցը գտնվում է այն վայրի կողքին, որտեղ շպրտվել են այդ հուշարձանները:



























