Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկել Փհենյանի՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման անհրաժեշտությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Հանդես գալով երկրի խորհրդարանի նիստում՝ Աբեն նշել է, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է  դիրքորոշումների համաձայնեցման համար Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդների գագաթաժողովի նախօրեին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հնարավոր հանդիպման ֆոնին։

Աբեն ապրիլի 17-20–ը պաշտոնական այցով կժամանի Միացյալ Նահանգներ։ Աբեի խոսքով, Թրամփի հետ հանդիպման ժամանակ նա մտադիր է խնդրել նրան Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հնարավոր հանդիպման ժամանակ բարձրացնել Հյուսիսային Կորեայի հետախուզության կողմից Ճապոնիայի քաղաքացիների առեւանգման հարցը։