Չինաստանի նախագահ Սի Ցզինպին հայտարարել է, որ 2018 թվականին Չինաստանը զգալիորեն կնվազեցնի տրանսպորտային միջոցների եւ այլ ապրանքների ներմուծման սակագները: Այս մասին նա ասել է Բոաոյում ամենամյա Ասիական տնտեսական համաժողովի բացման արարողության ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում անելով Xinhua-ին:
«Մենք որոշեցինք ընդլայնել ներմուծումը», - ասել է Սի Ցզինպին: Նրա խոսքով՝ Չինաստանը կաշխատի մեծացնել ապրանքների ներմուծումը, ինչը նպաստում է մրցակցության զարգացմանը եւ որի կարիքն ունի Չինաստանի ժողովուրդը: «Չինաստանը չի ձգտում առեւտրային հավասարակշռության դրական սալդոյին: Մենք անկեղծորեն ցանկանում ենք ներմուծումն ավելացնել եւ միջազգային վճարումների հարցերով հավասարակշռության հասնել», - ասել է Չինաստանի նախագահը
Ուրբաթ՝ ապրիլի 6-ին հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի Առեւտրի ներկայացուցչի վարչությանը նամակ է փոխանցել, որում խնդրել է 100 մլրդ դոլար ընդհանուր արժեքով չինական ապրանքների ներկրման համար լրացուցիչ սակագների սահմանման հնարավորությունը քննարկել:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «շատ տարիներ առաջ պարտվել է Չինաստանին առեւտրային պատերազմում» «հիմար եւ անտեղյակ մարդկանց» պատճառով: Նա նշել է, որ Վաշինգթոնն այս պահին այն չի վարում: Իրենց հերթին, Պեկինում ասել են, որ չեն վախենում Վաշինգթոնի հետ առեւտրային պատերազմից, բայց չեն ձգտում դրան:



























