Վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո Հայաստանի պատմության մեջ ոչ մի նոր էջ չի բացվի, քանի որ ինչպես արդեն ասել է հրաժարական ներկայացրած վարչապետ Կարեն Կարապետյանը, պետության առաջին դեմք է մնում Սերժ Սարգսյանը: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով՝ չնայած Արմեն Սարգսյանի նախագահությանը, Կարեն Կարապետյանը երկրում երկրորդ դեմքն է մնում, եւ Հայաստանում, ըստ էության, ոչ մի բան չի փոխվի: «Արմեն Սարգսյանը, որպես նախագահ, նաեւ նրանից հետո հաջորդ նախագահները Հայաստանում իրական իշխանություն չեն ունենա, եւ նրանց պաշտոնը զուտ խորհրդանշական կլինի»,- նշեցրեց Քոչարյանը: Սակայն, քաղտեխնոլոգի կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Արմեն Սարգսյանը արտաքին քաղաքականության ինչ-որ հարցեր լուծի՝ Հայաստանի գործող իշխանությունների շահերի շրջանակում արտասահմանյան քաղաքական գործիչների ու կառույցների հետ կապեր ձեւավորելով եւ ամրապնդելով:
Խոսելով Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակահատվածում ձեռք բերված նվաճումների մասին՝ քաղտեխնոլոգը շեշտեց, որ կան ինչպես հաջողություններ, այնպես էլ բացթողումներ՝ հավելելով, որ այս տարիների ընթացքում հայ քաղաքական ասպարեզում հետընթաց է տեղի ունեցել, եւ չկան այնպիսի կուսակցություններ, որոնք պայքարում են հանուն գաղափարի, ընտրողների, նրանք դեգրադացվել են եւ փաստորեն, անհետացել: «Նունիսկ ՀՅԴ-ն այլեւս չունի այն խարիզման եւ քաղաքական ձեւաչափը, որն ուներ 100 տարի առաջ»,- նշեց քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ տնտեսության ոլորտում մենաշնորհները մնացել են, կոռուպցիան մասամբ է վերացել, սակայն որպես երեւույթ շարունակում է մնալ՝ ուղղակի այլ ձեւաչափի անցնելով: Ըստ որում՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ վերացել է ծագումով ղարաբաղցիների եւ հայաստանցիների դիմակայությունը, որը նախկինում հանրության շրջանում լայն տարածում ուներ եւ բացասաբար էր ազդում համախմբվածության վրա:




























