Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի եւ հայկական Մարաղա գյուղում ջարդն իրականացնողի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարի: Այս մասին հայտարարել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
«Ջարդն իրականացնող Շահին Թաղիեւը հայերին վերացնելու գործողության համար դարձավ անկախ Ադրբեջանի առաջին ազգային հերոսը: Նա ոչ մի այլ ռազմական «սխրանքներով» չէր տարբերվում: Այդ անձը հիմա ապրում է Շվեդիայում, եւ ես զարմանում եմ, որ Հայաստանը նրա նկատմաբ միջազգային հետախուզում չի հայտարարում», - ասել է Մարինա Գրիգորյանը: Նրա խոսքով՝ 26 տարի անց փաստաթղթերի փաթեթ դեռ չի պատրաստվել, եւ Հայաստանը չի դիմել միջազգային կառույցներին: «Երկու տարի առաջ, ավելի փոքր մասշտաբներով, Մարաղայի ողբերգությունը կրկնվեց Թալիշ գյուղում», - ասել է Գրիգորյանը:
Նա հիշեցրել է բարոնուհի Քերոլայն Քոքսի վկայությունները, որը ողբերգությունից մի քանի օր անց այցելել էր Մարաղա գյուղ: «Նա անվանեց դա «Ժամանակակից Գողգոթա, բայց ավելի սարսափելի»: Բարոնուհին, ցավոք, չկարողացավ ճշմարտությունը հասցնել միջազգային հանրությանը:
«Նա պատմել է, որ երբ վերադարձել է «Դեյլի տելեգրաֆի» հետ հարցազրույցի մասին է պայմանավորվել, սակայն նրանք չեն տպագրել, թեեւ մինչ այդ հրապարակում էին Խոջալուի մասին հոդվածներ: Բարոնուհու հարցին՝ ո՞րն է խնդիրը, խմբագիրն ասել է, ոչ չի ցանկանում ողբերգությունը չարաշահել»:
«Ակնհայտ է, որ շահերը կապված էին նավթադոլարների հետ: Մարաղան գտնվում էր նավթահանքերի մոտակայքում եւ դրա համար էլ հայերը խանգարում էին», - հավելել է նա:
Մարաղայի կոտորածի ժամանակ սպանվել է ավելի քան հինգ տասնյակ մարդ, նույնքան էլ անհետ կորել եւ գերեվարվել է:




























