Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատվածում 2016 թվականին մեկնարկած շինարարության ընթացքում մինչեւ հիմա կատարվել են շուրջ 550 հազար խորանարդ մետր հողային աշխատանքներ, կառուցվել են 5621.5 գծմ ընդհանուր երկարությամբ հենապատեր, վերականգնվել է 10 հազար գծմ-ից ավելի ընդհանուր երկարությամբ ջրահեռացման համակարգը։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է շինաշխատանքների վայր:
Վահան Մարտիրոսյանին ներկայացրել են, որ այս ընթացքում կառուցվել են նաեւ ճանապարհին հարող մայթեր ու գաբիոնային շարվածքով հենապատեր։ Լայնածավալ շինարարության ընթացքում վերականգնվում ու հիմնանորոգվում են ճանապարհահատվածում գտնվող 9 կամուրջ եւ 3 թունել:
Թունելներից առաջինում այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, իսկ 2-րդ եւ 3-րդ թունելների մուտքի մոտ քարաթափումից խուսափելու եւ անվտանգության նկատառումներով կառուցվել են գալերեաներ. երկու թունելները, այսպես ասած, երկարացվել են։
«Հենասյուներն արդեն ամբողջությամբ տեղադրված են: Վրան հողային լիցք է արվելու, որպեսզի համապատասխան թեքություն տրվի, որ եթե նույնիսկ քարաթափումներ լինեն, քարերը հակադարձ ուժով գետը լցվեն»,- նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է շինարարությունն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ գլխավոր ինժեներ Հարություն Դարբինյանը: Նա վստահեցրել է, որ 10-20 օրից հիմնական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն:
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել այս տարվա ընթացքում։
Հավելենք, որ շուրջ 39 կմ-անոց ճանապարհի վերակառուցման աշխատանքները բաժանված են 3 հատվածների, որոնցում ներգրավված մասնագետների ու բանվորների մեծ մասը տեղի բնակիչներ են։



























